Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ապրել մինչև 2017

Ապրել մինչև 2017
22.01.2016 | 00:44

2016-ի հունվարի 19-ին ՀՅԴ-ն հանձնվեց: Ինչ էլ կուսակցությունը հայտարարի կամ համարի իր և ՀՀԿ-ի, ավելի ճիշտ՝ Սերժ Սարգսյանի հետ բանակցությունները, ՀՅԴ-ն հանձնվեց: ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը հայտարարեց, որ երկու օր՝ հունվարի 17-18-ին, բանակցել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Այդքանը: Ոչինչ ավելի: Նոր կոալիցիայի ձևավորման ասեկոսեները դարձան քաղաքական հայտարարություն, բայց ոչինչ չմանրամասնեցին: Նույնիսկ ամենապարզ երեք հարցերը պատասխան չստացան.

1. Ի՞նչ սկզբունքով է կոալիցիա կազմվելու՝ նախարարական պորտֆելների քանի՞ տոկոսն է ի հաշիվ ՀՀԿ-ի փոխանցելու ՀՅԴ-ին: Միայն կառավարությա՞ն, թե՞ կառավարման համակարգի այլ օղակներում է ՀՅԴ-ն պաշտոնավորվելու: Արդյունքում՝ ո՞ւմ ծրագիրն է կատարելու տվյալ պաշտոնյան՝ ՀՀԿ-ի՞, թե ՀՅԴ-ի՞:
2. Ե՞րբ է կազմվելու՝ օրե՞րս, առաջիկայո՞ւմ, թե՞ խորհրդարանական ընտրություններից հետո:
3. ՀՀԿ-ի ինչի՞ն է դա պետք և ՀՅԴ-ի ինչի՞ն է պետք՝ ո՞վ ի՞նչ խնդիր է լուծում:
Իհարկե, կա նաև կոալիցիայի կազմի խնդիրը, բայց առայժմ որևէ այլ կուսակցություն հայտարարություն չի արել: Հիմնական «կասկածները» ԲՀԿ-ին են վերաբերում: ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը չի երդվել, բայց վստահեցրել է, որ իշխանության հետ կոալիցիա կազմելու, համագործակցելու վերաբերյալ որևէ հարց չի քննարկվել, և հիմնավորել է. «Ցանկացած համագործակցություն, կոալիցիա կարող է ընդունելի լինել միայն այն դեպքում, եթե ունենալու ես քաղաքական որոշումների վրա ազդելու իրական հնարավորություն և հնարավորություն՝ իրականացնելու համակարգային այն փոփոխությունները, որ ներկայացրել է քո կուսակցությունը։ Սահմանադրական փոփոխությունների և բյուջեի նկատմամբ մեր դիրքորոշումը երբևէ չենք պայմանավորել կոալիցիայով, երբեք առևտուր չենք արել ու չենք անում, դա եղել է կուսակցության որոշումը անկախ որևէ կոալիցիոն հեռանկարից»: Թարգմանաբար՝ սա նշանակում է՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այս խաղում չկա և ԲՀԿ-ն մնում է նրա «անձեռնմխելի պահուստ» մինչև X պահը, որը կարող է գալ, կարող է չգալ: Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո անլուրջ է մտածել, որ կոալիցիայի մաս կարող է կազմել ՕԵԿ-ը: Կուսակցության հետ չար խաղ խաղացին՝ նրանք երկար չէին կողմնորոշվում՝ հանրաքվե կլինի՞, թե՞ ոչ, կո՞ղմ են, թե՞ դեմ: Չհավատալով հանրաքվեի առարկայանալուն և դեմ դառնալով՝ ՕԵԿ-ը իրեն դուրս դրեց Հայաստանի քաղաքական դաշտից, որտեղ ամեն ինչ թելադրում է ՀՀԿ-ն: ՕԵԿ-ն այլևս Ռուսաստանի ենթակայության տակ է՝ սպասելով Արա Աբրահամյանի հայտնությանը Հայաստանի քաղաքական դաշտում: Եթե որևէ կոալիցիայի անդամ ՕԵԿ-ը դառնա, կլինի կամ նախընտրական դաշինք այն քաղաքական ուժի (ուժերի) հետ, որ Մոսկվան փորձում է ստեղծել Հայաստանում՝ իր շահերը քաղաքական դաշտում պաշտպանված ունենալու համար, կամ՝ հետընտրական կոալիցիա, եթե հաղթական մտնեն խորհրդարան: Մոսկվան ակտիվ աշխատում է ՝ մաղելով դաշտը, ինչ կմնա, կհանձնվի Արա Աբրահամյանին: Ֆինանսական խնդիրներ չկան՝ կվճարի Արա Աբրահամյանը, որ կարող է լինել, կարող է չլինել Մոսկվայի կառուցած բուրգի գագաթին: Կոալիցիայի այլ թեկնածուներ չկան:
Ինչո՞ւ հանձնվեց ՀՅԴ-ն: Հայաստանի ամենափորձառու կուսակցությունը հայտնվեց իր իսկ որոգայթում: Հրանտ Մարգարյանի հուզական, կտրտված նախադասություններով խոսքը վկայում է, որ կապույտ եզրաշերտերով ափսեն միայն ցույց են տվել, բայց չեն տալիս: Հայտնի չէ՝ ինչ և երբ կստանա ՀՅԴ-ն, բայց հայտնի է՝ ինչ է կորցնում: Նախ՝ դառնում է հանրաքվեի և սահմանադրական փոփոխությունների պատասխանատու և դա մի կուսակցություն, որ քսան տարի դատափետել է առաջին Սահմանադրությունն ու համարել կեղծված հանրաքվեն, հիմա պարտադրված է ընդունել ևս մեկ հանրաքվե՝ կեղծիքներով: Արդարության պահանջը, փաստորեն կոնյունկտուրային է դառնում՝ եթե կեղծված է, ու դու ոչինչ չես ստանում, ուրեմն կեղծված է, եթե կեղծված է, բայց դու մասնաբաժին ես ստանում, ուրեմն այնքան էլ կեղծված չէ:

Սա իմիջի կորուստ է, բայց ՀՅԴ-ն իմիջի մասին առժամանակ կարող է մոռանալ՝ իշխանության ինչի՞ն է պետք իմիջը, երբ ունի վարչական ու ֆինանսական լծակներ՝ վարկանիշ ապահովելու համար:
ՈՒստի Հրանտ Մարգարյանին մնում է արդարանալ. «Դաշնակցությունը մեծ բեռ է վերցրել իր վրա, դաշնակցությունը մեծ պատասխանատվություն է վերցրել՝ համոզումով, հավատքով գնալով սահմանադրական փոփոխություններին: Եվ այսօր մենք չենք կարող պատասխանատվություն չկրել այդ առումով, այդ Սահմանադրությունն իրագործելու առումով, այդ Սահմանադրությունը կյանքի վերածելու իմաստով: Դրա համար մենք համաձայն ենք համագործակցության»:
Իսկ ՀՅԴ-ի յոթ կետե՞րը՝ 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցումը, կառավարման խորհրդարանական համակարգը, ընդդիմությանը վերահսկողության լծակների տրամադրումը, բիզնեսի և քաղաքականության հստակ տարանջատումը, դատական իշխանության լիարժեք անկախությունը, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև ռազմաքաղաքական դաշինքի կնքումը, սոցիալ-տնտեսական քաղաքականությունը։ Առաջին երկուսը կատարված են, ՀՅԴ-ն հիանալի հիմնավորում ունի՝ հայտարարելու, որ կոալիցվում է մնացած կետերը համատեղ կատարելու համար՝ քաղաքականությունը գործընթաց է ու ժամանակի մեջ է իրականացվում: Հիմնավորումը հիանալի է նաև նրանով, որ ցանկացած պահի հնարավորություն կտա խզել կապերն ու վերադառնալ ընդդիմադիր դիրքեր, եթե ՀՀԿ-ն խոստումը չկատարի: Այդպես եղել է՝ ՀՅԴ-ն և կոալիցիայից է դուրս եկել, և ոչիշխանական քառյակից: Իր զիլ ընդդիմադիրության օրերին ՀՅԴ-ն արտգործնախարարության շենքի առաջ բողոքի ցույց էլ է արել՝ նախարարի հրաժարականի պահանջով: Հիմա Էդվարդ Նալբանդյանը կարող է գիշերը հանգիստ քնել: Նա կարող է, իսկ Հրանտ Մարգարյանը և մյուս ՀՅԴ-ականները՝ ոչ: Սատանան, ինչպես միշտ, մանրամասների մեջ է՝ եթե կոալիցիան կազմավորվում է հիմա, մինչև 2017-ը շատ երկար ժամանակ է, որ կառավարման պատասխանատվություն ստանձնած ՀՅԴ-ն ակնհայտ արդյունք չստանալով, վարկաբեկվի ու նույնիսկ ՀՀԿ-ի համար դաշնակցային կարևորությունը կորցնի: Առավել ևս, որ ՀՀԿ-ի համար հիմա հիմնական խնդիրը ոչ թե իշխանության կազմավորումն է, այլ ընդդիմության: Շատ «հավաստի» ընդդիմություն է պետք ՀՀԿ-ին, որ սահմանադրական հանրաքվեի քարոզչությունը կառուցել էր ընդդիմության շահերի պաշտպանության վրա ու բոլոր ամբիոններից հավաստում էր, որ կիսելու է ընդդիմության հետ կառավարման պատասխանատվությունը, որոշումների ընդունման, առանցքային պաշտոնների նշանակման, և այլն, և այլն: Իսկ դա նշանակում է, որ «ընդդիմությունը» նույնքան վստահելի պետք է լինի, որքան ՀՀԿ-ի խրամատում գտնվողները, համարյա՝ յուրային: Իսկ եթե կոալիցիան կազմավորվում է ընտրությունների արդյունքներով, ՀՅԴ-ն հայտնվում է առաջին տեղում, բայց մրցակցային դաշտում, որտեղ բացի այն ուժերից, որոնց խաղի մեջ է մտցնելու ՀՀԿ նախագահը, լինելու են Ռուսաստանն ու Արևմուտքը:
2018-ի նախագահական ուղղակի ընտրությունները խաղից հանելով՝ ՀՀԿ-ն 2017-ի խորհրդարանական ընտրությանը նույն կարգավիճակն է տալիս, երբ նույնքան հնարավոր են դառնում հասարակության բևեռացումը և «Հաղթողին՝ ամեն ինչ, պարտվողին՝ ոչինչ» սկզբունքը, որից այնքան խուսափում էր ՀՀԿ-ն՝ կառավարման համակարգի փոփոխության իր հիմնավորումներում: Չափազանց տարբեր խնդիրների առաջ են կանգնում կուսակցությունները, որ քաղաքական համահավասարության և ընտրողների ձայների չփոշիացման սկզբունքը գործի: 2017-ը Սերժ Սարգսյանին պետք է ՀՀԿ-ի բացարձակ հաղթանակի տեսքով, որ նախագահական լիազորությունների ավարտից հետո Բաղրամյան 26-ից սլացիկ անցում կատարի ոչ թե Մելիք-Ադամյան, այլ Հանրապետության հրապարակ: 2017-ը Հովիկ Աբրահամյանին պետք է դարձյալ իբրև ՀՀԿ-ի հաղթանակ, բայց այնպես, որ ինքը Հանրապետության հրապարակից ոչ մի տեղ չգնա: Խորհրդարանական կառավարման պարագայում պատգամավորական մանդատը նոր իմաստ ու գին է ստանում: ՀՀԿ-ում պատգամավորական կազմի փոփոխությունը անխուսափելի է, իսկ այս ու այն ուժի հետ կոալիցիայի հեռանկարը ի վնաս այդ կազմի է լինելու, որ ընտելացել է իշխանության բազկաթոռներին ու համարում է, որ այդպես միշտ է լինելու ու այդպես է ճիշտ: Պատահական չէ, որ Սերժ Սարգսյանը բանակցում է, իսկ ՀՀԿ-ն կամ տեղյակ չէ, կամ հերքում է ու պահանջում տարբերել առանձնազրույցը բանակցությունից և կոալիցիան համարում հետընտրական իրողություն:
Եթե Ռուսաստանը հիմնական խաղը պատրաստվում է կառուցել Արա Աբրահամյանի և գուցե ՕԵԿ-ի վրա, զուգահեռ պատրաստելով «պահեստային նստարան», հայտնի չէ, թե Արևմուտքը ինչ կանի: Նախորդ խորհրդարանների պատմությունը վկայում է, որ Արևմուտքը խաղը պիտի փոխի՝ խնդիրն այս դեպքում պատգամավոր դառնալը չէ, այլ խորհրդարանում որոշումների ընդունման վրա ազդելու հնարավորությունը: Բոլոր գումարումների ընդդիմադիր ու ընդդիմադիր խաղացող պատգամավորներն այնքան են քննադատել այդ պահի իշխանությանը, որ միայն իշխանության քննադատության համար պատգամավոր դառնալը քաղաքականապես անիմաստ է: Առավել ևս, որ արտախորհրդարանական ընդդիմությունը այդ հարցը շատ ավելի հիմնավոր է լուծում՝ իր տեսակետները ներկայացնելու միջոցների պակաս չզգալով, ավելին՝ առավելություն ունենալով խորհրդարանականի համեմատությամբ՝ ժողովուրդը, որ խորհրդարանական ընդդիմության օգտակար գործողության գործակիցը չի տեսնում, արտախորհրդարանականին նման պահանջ չի կարող ներկայացնել: ՈՒստի Արևմուտքի խնդիրն ավելի բարդ և ավելի խորքային է: Եթե Մոսկվային պետք է իշխանությանը հակակշիռ ուժ, կանխարգելիչ դագանակ, Արևմուտքին պետք է ուժ, որ ունակ լինի իրավիճակ փոխել, ժողովրդավարության նորմերով ու իրական ժողովրդավարության հաստատման խնդրով: Հայաստանում մինչև հիմա Արևմուտքի սկզբունքային սխալը եղել է սպասելը, որ այդպիսի ուժեր տեղում ձևավորվեն: Դա դասական սխալ է՝ որևէ եվրոպացի կամ ամերիկացի հետխորհրդային մենթալիտետին ծանոթ չէ, նրանց համար ընտրություններ կեղծելն անիմաստ է, իշխանության և ընդդիմության իրարահաջորդումն ընտրությունների միջոցով Արևմուտքում ամենաբնական զարգացումն է: Ֆրանսիայում Սարկոզին կարող է պարտվել ու վերադառնալ իշխանության հաջորդ ընտրություններով, բայց բացառված է, որ որևէ պարտված թեկնածու չընդունի ու չշնորհավորի ընտրություններում հաղթած թեկնածուին: Դա կնշանակի՝ չվստահել ընտրողին: Հետխորհրդային տարածքում, բացառությամբ Մերձբալթիկայի, Վրաստանի, Ուկրաինայի, ընտրությունները կատարում է ԿԸՀ-ն՝ գործող իշխանության ցուցակով: Չգիտի՞ Արևմուտքը այդ առանձնահատկությունը: Գիտի: Բայց նախ համարում է, որ ընտրությունները յուրաքանչյուր ինքնիշխան պետության ներքին գործն են, և հետո՝ խաղի մեջ են մտնում ոչ այնքան բուն ընտրությունների լեգիտիմ-ոչ լեգիտիմ լինելու գնահատականն ու հետևանքները, այլ տվյալ երկրի աշխարհաքաղաքական նշանակությունը, հարաբերություններն ուժային կենտրոնների հետ, բնական ռեսուրսները և տասնյակ այլ գործոններ, որոնք ի վերջո որոշում են՝ կմիջամտի՞ Արևմուտքը, թե՞ ոչ, ո՞ր փուլում և ի՞նչ նպատակով: Ասե՞մ, թե ում բախտն է այդ դեպքում բերում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ.Գ. Արամի 30 հասցեում քանդված շենքը 150 տարվա պատմություն ուներ, եթե հիմքերը նայեք՝ ավելի խոր են, քան շենքն էր, բայց մի գիշերում փոսի վերածվեց: Չգիտեմ՝ 150 տարի հետո այսօրվա կառույցների հետ ինչպես կվարվեն: Ենթադրում եմ, որ կքանդեն ավելի արագ ու որակով, ու սիրտս չի ցավում, ինչպես ճզմվում էր փոսի առաջ, որտեղ 150 տարվա պատմություն կար ու 21-րդ դարի անզորությունը՝ պահել այդ պատմությունը: Սա է իրականությունը՝ և 150 տարվա շենքի փոսի պես փոսեր են այսօր քաղաքական դաշտում, որ կարող են լցվել ու նոր պատմություն դառնալ, կարող են խորանալ ու դաշտը կուլ տալ:

Դիտվել է՝ 1474

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ